Ճիշտ հաշվա՞րկ, թե՞ Մոսկվային չնյարդայնացնելու ցանկություն. Ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց ՆԱՏՕ-ի Agile Spirit-2018 զորավարժություններին


Սեպտեմբերի 1-11-ը Վրաստանում տեղի կունենան Agile Spirit-2018 զորավարժությունները, որոնց, բացի Վրաստանից և ԱՄՆ-ից, կմասնակցեն զինծառայողներ Բուլղարիայից, Ռումինիայից, Լատվիայից, Հունաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Չեխիայից, Էստոնիայից։

Զորավարժությունները կազմակերպվել են ԱՄՆ ծովային հետևակի եվրոպական հրամանատարության հետ միասին և տեղի կունենան Արևմտյան Վրաստանի Սենակի ռազմաբազայում։ Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համատեղ գործողությունների պատրաստականությունն է կամ ճգնաժամերին արձագանքը, ինչպես նաև հրամանատարական օղակի բարելավումը։

Անցած տարի Վրաստանում դարձյալ անցկացվել է նման զորավարժություն. այն Հայաստանում և Վրաստանում բուռն քննարկումների տեղիք տվեց։ Հայաստանը, հիշեցնենք, նախապես դրանց մասնակցելու հայտ էր ներկայացրել, բայց վերջին պահին այն չեղարկեց։ Փորձագետները կարծիք էին հայտնել, թե պաշտոնական Երևանն այդ կերպ փորձել է չհարուցել Մոսկվայի զայրույթը՝ մանավանդ, որ դրանից ամիսներ առաջ մասնակցել էր «Noble partner» անունը կրող մեկ այլ զորավարժության։

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի չմասնակցությունը՝ մեջբերեց երկու պատճառ՝ ֆորմալ և իրական. «Ֆորմալն այն է, որ պաշտոնապես հայտարարվել է զորավարժությունների նպատակը՝ ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելության գործողությունների համաձայնեցում։ Հայաստանը ՆԱՏՕ-ի նոր խաղաղարար միջոցառումներին մասնակցել չի պատրաստվում, այդ պատճառով էլ չկա անհրաժեշտություն»։

Վասաձեն շարունակում է. «Իսկ իրական պատճառն այն է, որ ստեղծված իրավիճակում Երևանը չի ուզում շատ նյարդայնացնել Մոսկվային՝ առավել ևս, երբ Վրաստանի տարածքում անցկացված մի զորավարժությանն արդեն իսկ մասնակցել է»։ Ըստ Վասաձեի՝ մասնակցությունը կդիտարկվեր որպես մարտահրավեր՝ հատկապես Խաչատուրովի հետ տեղի ունեցած սկանդալից և Ռուսաստանի ԱԳՆ-ի ոչ այնքան բարեկամական հռետորաբանությունից հետո. «Առանց այն էլ Մոսկվայում այսօր այնքան էլ չեն վստահում Երևանին»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նշեց՝ բոլոր զորավարժությունների հիմքը փորձի փոխանակումն ու հարաբերությունների խորացման գործընթացն է՝ ՆԱՏՕ-ի, արևմտյան գործընկերների հետ: «Հարցն այն է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում Հայաստանն ինքն է որոշում այդ հարաբերությունների խորությունը, և թե կոնկրետ պահերին ինչպես պետք է իրեն դրսևորի և շարունակի այդ հարաբերությունները։ Օրինակ՝ մենք մասնակցեցինք վերջերս «Noble partner» զորավարժություններին փոքր կազմով, կային սուբյեկտիվ պատճառներ՝ դրանից առաջ մեր զինվորականներն այլ միջոցառման էին մասնակցում։ Այս զորավարժություններին չենք մասնակցում, բայց իմ կարծիքով՝ ոչ մի խնդիր պետք չէ տեսնել»,- ասաց Մելիքյանը։

Ջոնի Մելիքյանն անդրադարձավ նաև այն մեկնաբանություններին, որ անցած տարի այդ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելը վերջին պահին կապված էր Մոսկվայի գործոնի հետ։ Մեր այն դիտարկմանը, թե այս անգամ և՞ս պետք է այդպիսի հետք փնտրենք, Մելիքյանը պատասխանեց. «Այդպիսի հարցեր սովորաբար առաջանում են այն ժամանակ, երբ շատ են լարվում Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ թե՛ հին և թե՛ ներկա, փորձում է պահպանել բալանսավորված քաղաքականություն։ Այսինքն՝ որոշ պահերին իրավիճակը չլարել, իսկ որոշ պահերին, երբ հնարավոր է՝ մասնակցել։ Այս պարագայում երևի թե տեսնում են, որ կարիք չկա մասնակցելու։ Ավելի շատ մեր կողմը մեսիջ է հղում. տեսեք՝ որոշ զորավարժություններին մասնակցում ենք, որոշ զորավարժություններին՝ ոչ։ Բայց հիմնականում մենք ենք որոշում՝ արդյոք մեզ պե՞տք է այդ մասնակցությունը, թե՞ ոչ»։

Նրա խոսքով՝ մասնակցությունը կապված է նաև զորավարժությունների սցենարի հետ: «Այն սցենարները, որոնք լինում են, և ըստ որոնց՝ կա արտաքին վտանգ, և շեշտադրվում է կոնկրետ մի երկիր, այդ պարագայում Հայաստանը խուսափում է։ Իսկ երբ ավելի անկաշկանդ է, մենք ունենք հնարավորություն և օգտվում ենք այդ հնարավորությունից։ Կոնկրետ այս զորավարժությունների հետ կապված ես չեմ տեսնում, որ այդպիսի խնդիր կա»,- եզրափակեց նա։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշում է՝ ցանկացած զորավարժության մասնակցելիս Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով. «Արդյոք մեր մասնակցությունը մեզ դրական որևէ բան տալո՞ւ է։ Այդ պատճառով էլ նախապես հստակեցվում է, թե ինչի համար են այդ զորավարժություններն անցկացվում։ Վստահ եմ՝ եթե հայկական կողմը ստացել է հրավերը, ստացել է նաև այդ զորավարժությունների սցենարը և ըստ դրա որոշում կայացրել։ Ինչպես անցած տարի, այնպես էլ այս, ցանկացած զորավարժության մասնակցելու համար եթե լինում է իմաստ՝ Հայաստանը մասնակցում է։ ՆԱՏՕ-ի շրջանակներում և՛ Աֆղանստանում, և՛ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում, համագործակցությունը խորացվում և ընդլայնվում է։ Զորավարժություններին մասնակցելը ընդամենը դրանց մի կոմպոնենտն է, ընդամենը պետք է հաշվարկես՝ արդյոք այս ծրագրին գնալն ինձ օգո՞ւտ է, թե՞ ոչ»։

Պողոսյանը շարունակում է. «Եկե՛ք վստահենք մեր ռազմական կամ զինվորական իշխանություններին, իրենք որոշում են կայացնում ճիշտ հաշվարկների հիման վրա, և ըստ դրա պաշտպանենք մեր շահերը։ Մեկ անգամ չէ, որ երբ բխել է մեր շահերից, մենք մասնակցել ենք։ Եթե կա բացասական որոշում, ուրեմն կան խնդիրներ, որ իրենք ավելի լավ ու ճիշտ են պատկերացնում։ Միգուցե կան բաներ, որ պետք չէ բարձրաձայնել, խոսել և ասել, կան մեսիջներ, որոնք ոչ միայն Հայաստանում, այլև դրսում են լսում։ Ես հուսով եմ, որ մենք սովորել ենք մեր արտաքին հարաբերությունները, ռազմական ու քաղաքական համագործակցության առումով ճիշտ հաշվարկներ անել՝ որտեղ մեր շահերից չի բխում, շատ նուրբ ու դիվանագիտորեն հասկացնել, որ այս անգամ պետք չէր մասնակցել, մենք կաշկանդված չենք մեր որոշումներ կայացնելու հարցում։ Իմ պատկերացմամբ՝ ամենակարևորը կաշկանդված չլինելն է»,- եզրափակեց նա։



Source link

Products You May Like

Articles You May Like

Children will Implement Community Projects Aimed at Promoting Equal Rights
Prime Minister’s Ultimatum: The Time to Make a Choice
Situation with Constitutional Court Requires Non-standard Solution: My Step Alliance
Study reveals music's universal patterns across societies worldwide
“Connecting nature”: Smart solutions for Yerevan with EU support

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *