Նախագահի կարգադրությամբ աշխատանքային խմբի ձևավորումը ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման գործն առավել թափանցիկ է դարձրել


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ձևավորվել է ժամանակավոր աշխատանքային խումբ, որի անդամները զրուցել են նախագահի աշխատակազմ իրենց փաստաթղթերը ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի բոլոր հավակնորդների հետ և իրենց խորհրդատվական կարծիքն են ներկայացրել նախագահին: Գործընթացի իրավականության և աշխատանքային խմբի գործառույթների մասին զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան Արամ Վարդևանյանի հետ:

Պարոն Վարդևանյան, ո՞րն է այսպիսի աշխատանքային խումբ ստեղծելու պատճառը, և ինչպիսի գործընթաց է ենթադրում նախագահի կողմից սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը:

– Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող սուբյեկտներից մեկն է, և Սահմանադրության համաձայն՝ նա ունի որոշակիորեն, նույնիսկ, բացարձակ հայեցողական լիազորություն` որոշելու, թե ով պետք է լինի այդ անձը, բացառությամբ այն պահանջների, որոնք Սահմանադրությամբ են ամրագրված` տարիքային ցենզը, մասնագիտական որոշակի աշխատանքային ստաժը և այլն: Այս երևույթն իրենից ենթադրում է, որ նախագահն ազատ է որոշելու, թե նաև ինչպես է այս լիազորությունն իրացնելու: Աշխատանքային խումբը, որը փաստացի խորհրդատվական բնույթի մարմին է, այդ լիազորության իրացման գործիքներից մեկն է: Բայց շատ կարևոր է հաշվի առնել այն, որ այդ աշխատանքային խմբի կարծիքը որևէ պարտադիր բնույթ չունի, և չի կարող ունենալ: Այն գործընթացը շատ ավելի մասնագիտական, թափանցիկ դարձնելու և հանրության ներկայացուցիչների ընդհանուր կարծիք ձևավորելու տրամաբանության մեջ է:

– Միջազգային փորձում կա՞ նման նախադեպ:

– Եվրոպական ժամանակակից, ժողովրդավարական երկրների հենց սահմանադրական դատարանների մասին օրենքներում նույնիսկ լինում են դեպքեր, երբ ուղղակի նման պահանջն ամրագրված է: Այս դեպքում դա, իհարկե, հայեցողական լիազորության իրացման հնարավորություն է, որն էլ այս պարագայում շատ ավելի սահմանադրական է, սահմանադրության գերակայությունից բխող է, որ նման մեխանիզմ է նախատեսվել:

Համացանցում կիրառվում են տարբեր եզրույթներ. «ժամանակավոր աշխատանքային խումբ», «մրցութային հանձնաժողով», «մասնագիտական հանձնաժողով», «խորհրդակցական մարմին»: Ի վերջո` այդ ի՞նչ խումբ է:

– Նշվածն, ըստ իս, հանդիսանում է խորհրդատվական մարմին: Բնավ մրցութային հանձնաժողով չէ: Այն հանրապետության նախագահին ամբողջությամբ խորհրդատվական կարծիք ներկայացնելու առաքելություն ունի: Բայց, իհարկե, այդ կարծիքները, հատկապես երբ խմբի մեջ ընդգրկված են լինում արհեստավարժությամբ, ոլորտի տեղեկացվածությամբ օժտված մարդիկ, միայն նպաստում են գործընթացին: Այն ավելի թափանցիկ ու ներառական են դարձնում:

Արդյոք, սահմանադրականության տեսանկյունից խնդրահարո՞ւյց է այն, որ Հանրապետության նախագահն ստորագրել է կարգադրություն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ և ձևավորել ժամանակավոր աշխատանքային խումբ:

– Գործընթացը որևէ իրավական խնդիր չի առաջացնում, և չի էլ կարող առաջացնել: Դա շատ ավելի սահմանադրական է: Նույնիսկ, չափազանց  կարևոր է, որ նման մեխանիզմ նախատեսվի: Կարծում եմ` առհասարակ նման տեսակ պաշտոնների, որոնք իրենցից ոչ թե զուտ միայն պաշտոն են ենթադրում, այլ, նույնիսկ, որոշակի առաքելություն, նման գործընթացները պետք է որոշակի ֆիլտրման մեխանիզմ ունենան: Նման խմբերն ու հանձնաժողովները կարող են այդ դերն ունենալ, դրանով նաև մասնակից դարձնելով հանրությանը: Ժամկետների տեսանկյունից նույնպես որևէ խախտում չկա:

Հարցազրույցը` Նորայր Շողիկյանի



Source link

Products You May Like

Articles You May Like

New Maradona film tracks highs and lows, intimate family moments
Tall chip tale? Huawei's backup plans leave experts unconvinced
Hickenlooper says White House does not need a 'strongman' in 2020…
Exclusive: Google suspends some business with Huawei after Trump…
Second U.S. appeals court rules Trump cannot end protections for…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *