Մոսկվայի ինտրիգը Արցախի հարցում. ի՞նչ է առաջարկել Լավրովը կողմերին


Այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Սկզբում արտգործնախարարները հանդիպել են Սերգեյ Լավրովին, ապա հանդիպմանը միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Դրանից առաջ ԵԱՀԿ համանախագահներին և Անջեյ Կասպրշիկին ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Հանդիպումից հետո երեք երկրների արտգործնախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որտեղ նշել են, որ «ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները»: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով»,- նշված է հայտարարության մեջ: Ինչպես և կարելի էր սպասել, հայտարարությունը գրեթե նորություն չի պարունակում քննարկված հարցերի վերաբերյալ, թերևս միայն նոր բաղադրիչ կարելի է համարել «մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով» արտահայտությունը։ Հանդիպման մասին պաշտոնական սուղ տեղեկատվությունից, ինչպես նաև համանախագահների հայտարարություններից չափազանց դժվար է պատկերացում կազմել՝ ինչի շուրջ են խոսել երկու երկրների արտգործնախարարները։ Առավել ևս հասկանալի չէ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են արդյոք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական օրակարգին վերաբերող հարցեր՝ բանակցություններին Արցախի մասնակցության հնարավորություն և Մադրիդյան սկզբունքների պարզաբանում, ինչպես հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօրվա հանդիպման ամենամեծ «հմայքը» հանդիպման վայրն էր՝ Մոսկվան և դրան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը։ Դա հիմք է տալիս շատ փորձագետների ենթադրելու, որ Մոսկվան փորձում է առաջ տանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեփական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին զուգահեռ գործընթացը։ Եթե դա այդպես է, և եթե այսօրվա հանդիպումը ծառայել է այդ նպատակին, ապա դա ոչ թե կողմերից որևէ մեկի, այլ առաջին հերթին Ռուսաստանի հաջողությունն է։ Իսկ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ունի իր օրակարգը, ավելի ճիշտ՝ պլանը, որը հայտնի է «Լավրովի պլան» անվանմամբ։ Ընդհանուր առմամբ, Մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ տեղավորվող այդ պլանում այդուհանդերձ կա տարբերություն և դա վերաբերում է կարգավորման գործընթացի ինչ-որ փուլում Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքի տեղակայմանը։ «Լավրովի պլանը», ինչպես վերջերս հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, այսօր էլ բանակցային սեղանին է, սակայն մերժվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Եվ ուրեմն, արտգործնախարարների այսօրվա հանդիպման ամենամեծ ինտրիգն այն է՝ արդյոք Լավրովը նախկին տեսքով կամ թարմացված ձևաչափով արտգործնախարարներին ներկայացրե՞լ է ռուսական պլանը, և ինչ արձագանքի է այն արժանացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից։ Բացի «Լավրովի պլանից», արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում և Լավրովի մասնակցությամբ անցկացնելու փաստը անուղղակիորեն ծառայում է բանակցային գործընթացում Ռուսաստանի դոմինանտությունը ընդգծելու Կրեմլի ցանկությանը։ Մյուս կողմից չափազանց դժվար է ասել, թե բանակցային գործընթացի ներկայիս փուլը ընդհանրապես համանախագահողներից ո՞ր մեկի գերակայությամբ է ընթանում, եթե ընդհանրապես կա նման գերակայություն։ Նախորդ տարվա ամռանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Փարիզում կայացած հանդիպումը, որից սկսվեց բանակցային գործընթացում մարդասիրական բաղադրիչի ներմուծումը, ըստ ամենայնի, համանախագահողներից Ֆրանսիայի նախաձեռնությունն էր, որը, հնարավոր է՝ համաեվրոպական նախաձեռնություն էր։ Դրանից հետո բանակցային գործընթացը շարունակվեց, ըստ էության, փարիզյան օրակարգով՝ տարբեր դրսևորումներով արտահայտվելով Դուշանբեի և Ժնևի հանդիպումներում։ Իսկ արդեն մարտի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը փարիզյան օրակարգի ինստիտուցիոնալիզացիան էր, ինչը, մասնավորապես, հումանիտար առաքելությունների իրականացման շուրջ պայմանավորվածության տեսքով արտահայտվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ։ Վիեննայի հանդիպումը, ըստ ամենայնի, համանախագահողների միջև կայացած կոնսենսուսի արդյունք էր։ Արդյոք այդ կոնսենսուսը խախտվո՞ւմ է Մոսկվայի այսօրվա հանդիպմամբ։ Այդ հարցի պատասխանը պարզ կդառնա Ղարաբաղյան հակամարտության գործընթացում առաջիկա զարգացումներից։



Source link

Products You May Like

Articles You May Like

Qualcomm's joint venture with Chinese province to shut down: The…
JPMorgan shuffles CFO and card services executives
NBA roundup: 76ers rally past Nets in feisty contest
India's Jet Airways suspends operations after banks reject plea for…
SEC fines Prosper Funding $3 million for overstating net returns to…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *