Վարչապետի ու նախագահի շնորհավորանքն Ասադին՝ հարցադրումների առիթ․ արարողակարգ, որ կարող է անհանգստություն առաջացնել ԱՄՆ-ում


Սիրիայի Ազգային տոնի առթիվ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին շնորհավորական ուղերձ է հղել ինչպես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Լիահույս եմ, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթևակոխի վերականգնման և ծաղկման շրջան»։

Արդյոք այս շնորհավորանքները բացասական արձագանք կստանան Միացյալ Նահանգներում։ Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ նորմալ ընթացակարգ է, որ երկրի ղեկավարը բարեկամ երկրին շնորհավորում է Ազգային տոնի կապակցությամբ։ «Իհարկե, Արևմուտքի կողմից ցանկացած տեսակետ, որը կոնկրետ ուղղված է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ որոշակի հարցադրումներ է առաջացնում, բայց հավատացեք՝ նույն Ասադի հետ աշխատում է Արևմուտքը, և շնորհավորանքներ կլինեն նաև արևմտյան որոշ երկրների կողմից»,- նկատեց մեր զրուցակիցը։

Սարգիս Գրիգորյանը շեշտեց. «Մենք հիմա գործ ունենք լեգիտիմ ընտրված երկրի նախագահի հետ, որի երկրում ազգային տոն է։ Այդ առումով բարեկամ երկրները կարող են շնորհավորել և դա նորմալ է։ Կարևոր է , որ ուղերձները լինեն հասցեական՝ մեր վարչապետի ու նախագահի ուղերձներում դա ապահովված է։ Այստեղ նշվում է, որ ողջունում են Ազգային տոնի առթիվ և հույս են հայտնում, որ հայ-սիրիական ժողովուրդների միջև բարեկամությունը կխորանա։ Սա այն կետն է, որի մասին անընդհատ պետք է խոսել»։

Բացի դրանից՝ արաբագետի դիտարկմամբ, կարևոր է շնորհավորանքի մեջ տեղ գտած այն միտքը, որ հայկական կողմը հույս է հայտնում, որ կոնֆլիկտն արագ կհանգուցալուծվի, և Սիրիան կթևակոխի զարգացման նոր փուլ. «Սա էլ չափազանց կարևոր է։ Ե՛վ վարչապետի, և՛ նախագահի ուղերձներում սա նշվում է։ Ընդհանրապես նշեմ, որ Արևելքը նման ուղերձների ու շնորհավորանքների հանդեպ բավականին զգայուն է։ Առավել ևս նշեմ, որ արևելյան այդ երկիրը՝ Սիրիան, մեզ բարեկամ երկիր է, իսկ Հայաստանը Սիրիայի հետ դարերի պատմությունն է կապում, Սիրիայի ժողովրդի հետ մենք ունենք բավականին սերտ և բարիդրացիական հարաբերություններ։ Ուստի, եզրափակելով՝ նշեմ, որ նման ուղերձները չափազանց կարևոր են Սիրիայի հետ մեր բարեկամությունը ևս մեկ անգամ շեշտելու մասով»։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ շնորհավորանքը նախ և առաջ պետք է դիտարկել սովորական պրակտիկայի շրջանակներում, որովհետև Հայաստանը ճանաչում է Սիրիայի ղեկավարությանը, իսկ Ասադին՝ որպես Սիրիայի նախագահ։ «Հաշվի առնելով նաև արարողակարգը՝ Հայաստանից գնացել է շնորհավորական նամակ։ Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի անհանգստությանը, ապա, այո՛, անհանգստություն կա, ընդհանրապես ամերիկյան կողմում Սիրիայի հետ կապված անհանգստություն կա՝ մասնավորապես Հայաստանի կողմից Սիրիայում ներգրավվածության տեսանկյունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանն ընդգծեց. «Օրինակ՝ մեր մասնագետների՝ Սիրիայում ներգրավվածության մասով կա որոշակի լարվածություն և անհանգստություն։ Կարծում եմ՝ մեր իշխանությունները պետք է ավելի ակտիվ աշխատեն Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ, որպեսզի ավելի հիմնավոր ներկայացնեն, թե ինչով է պայմանավորված մեր ներկայությունը Սիրիայում, և ընդհանրապես ինչու է մեզ համար կարևոր բարիդրացիական հարաբերություններ ունենալ Սիրիայի նախագահի հետ։ Գիտեք նաև, որ մեր համայնքի դիրքորոշումը Սիրիայում շատ հստակ է։ Մեր համայնքի շոշափելի հատվածն աջակցում է Ասադի իշխանությանը։ Այդ ամենը պետք է հաշվարկել ու հնարավորինս ճիշտ ներկայացնել Միացյալ Նահանգների իշխանությանը՝ բարդություններից խուսափելու նպատակով։

Մինչ այս պահը, ըստ Սարգսյանի, դա արվել է ոչ էֆեկտիվ. «Մանավանդ եթե հաշվի առնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ-ամերիկյան բարձր մակարդակով շփումներ չեն եղել, եղել է միայն նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը պետքարտուղար Պոմպեոյի հետ, բայց դա առավելապես անձնական բնույթի հարաբերություններով է պայմանավորված եղել։ Հաշվի առնելով նախագահի լիազորությունների ծավալը որոշումների իրականացման տեսանկյունից, ապա այստեղ ավելի շատ խոսվել է երկկողմ հարաբերությունների հեռանկարների մասին, այլ ոչ թե կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»։



Source link

Products You May Like

Articles You May Like

Disney goes high-tech to draw fans to a new 'Lion King'
Singer R. Kelly faces bail hearing over sex trafficking allegations
Twitter-ը օգտատերերին ստիպողաբար կտեղափոխի կայքի նոր դիզայն (լուսանկարներ)
Firefighters tackle blaze at Warner Bros UK studio
Կանայք երեք անգամ ավելի շատ էրոտիկ երազներ են տեսնում վերջին 50 տարվա ընթացքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *