Նիկոլ Փաշինյանը միաժամանակ չի կարող վերահսկել և՛ իշխանությունը, և՛ փողոցը


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

 

Պարոն Հովհաննիսյան, օրերս երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը հանդիպեց իր աջակիցների հետ և խոսեց ապագա քաղաքական ծրագրերի մասին։ Հայաստանում սկսված գործընթացների՝ վեթինգ, անցումային արդարադատություն իրականացնելուն զուգահեռ՝ նրա ծրագրերն ու գործունեությունը ինչքանո՞վ կարող են խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի զարգացմանը։

– Որպեսզի կարողանաս նպաստել կամ խոչընդոտել երկրի զարգացմանը, պետք է տիրապետես իշխանական լծակներին: Անկախության նվաճումից հետո անցած 28 տարիների ընթացքում չի եղել այնպիսի վարչախումբ, որը ունենա այսպիսի իշխանական ներուժ: Նիկոլ Փաշինյանի սուպերվարչապետական լիազորություններին գումարվում է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալու գործոնը, նախագահ Արմեն Սարգսյանի «նենաստոյաշչի ցար» լինելու հանգամանքից բխող վերջինիս թուլությունը, ինչպես նաև խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի տկարամտությունից ու ապաքաղաքական ծագումնաբանությունից բխող՝ ընդդիմության անլիարժեքությունը:

Այսպիսի իշխանական ներուժի դեպքում մեծ երևակայություն պետք է ունենաս՝ ենթադրելու համար, որ արդեն տասը տարուց ավել պաշտոնաթող մարդը կարող է քեզ խանգարել, եթե դու և քո թիմակիցներն իրենք իրենց չխանգարեն: Չխանգարեն իրենց ամբարտավանությամբ՝ հասարակության մեջ կշիռ ու հեղինակություն ունեցող մարդկանց հետ հաշվի նստելու և խորհրդակցելու անհրաժեշտությունն անտեսելու գործելակերպով: Երիտասարդներին պետք է հատուկ լինի պատերազմում հաղթանակած և հայրենիքի սահմաններն ընդլայնած սերնդի լավագույն ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, բազմափորձ քաղաքագետների կարծիքը լսելու ձգտումը, որն իսպառ բացակայում է նիկոլականների մոտ: Այդ պայմաններում անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր, հիասթափված այս երիտասարդների գործունեության մեջ շոշափելի արդյունքների բացակայությունից, նրանց չհիմնավորված ինքնասիրահարվածությունից ու գոռոզամտությունից, կփորձեն գտնել այս ամենին հակադրվելու և «ամբարտավան որդիներից» սեփական արժանապատվությունն ու ապրած կյանքը պաշտպանելու հնարավորություն: Ռոբերտ Քոչարյանն այսօր հմտորեն օգտագործում է օր օրի խորացող այս տրամադրությունները, ինչի ապացույցն է իր կողմնակիցների թվի աճը:

Ի՞նչն է համախմբել այս շատ տարբեր մարդկանց, որոնց մենք այսօր տեսնում ենք Քոչարյանի կողքին, եթե ոչ վիրավորանքն այն խայտառակ երևույթից, երբ անտեսվում են բոլոր մերիտոկրատական՝ արժանիքային չափանիշները, և պետության և ժողովրդի առջև ոչ մի արժանիք չունեցող մարդիկ այսօր պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, վարչության պետեր են: Ծաղիկ ռուբոներին, սերվիսի անդոներին, ճոյտերին եկան փոխարինելու նակոլկա շուշոներն ու մարիխուանայի սիրահար նրանց պատգամավոր մուշտարիները:

90-ական թվականների կադրային «բեսպրեդելը», որն արտահայտվում էր «թեկուզ պոլի փետ լինի, բայց հհշական լինի» հայտնի կարգախոսով, էլ ավելի գռեհիկ, էլ ավելի այլանդակ ձևով դրսևորվեց 21-րդ դարի երրորդ տասամյակի նախաշեմին: Ես ասում եմ՝ ավելի այլանդակ ու գռեհիկ տեսքով, քանզի երիտասարդության մոտ ջանում են ստեղծել այն տպավորությունը, որ ավագ սերունդը բաղկացած է միմիայն «տուշոնկա մանվելներից», «լֆիկներից», ավազակ «մկներից», և հենց այդ «կենդանիներն են», որ բախտի քմահաճույքով անկախություն են նվաճել ու ընդարձակել են Հայրենիքի սահմանները: Այս քարոզչության՝ ավագ սերունդը հետամնաց հոմո-սովետիկուսի հատկանիշներով օժտելու և ազգի մեջ արդեն ոչ միայն հայաստանցի-ղարաբաղցի հակադրության ուղղությամբ, այլ նաև հայրերի ու որդիների միջև պառակտում մտցնելու միջոցով, փորձ է արվում արդարացնել կադրային բեսպրեդելը: Այս պայմաններում կարիք չկա զարմանալ, որ Քոչարյանին հաջողվում է իր կողմը գրավել ինչպես խաղից դուրս մնացած ու խանդով լցված երիտասարդներին, ովքեր Նիկոլի ու Աննայի շրջապատից չեն, այնպես էլ անառակ զավակների վարքագծից վրդովված հայրերին: Եթե այսպես շարունակվի, շուտով Փաշինյանն ու փաշինյանականները ստիպված են լինելու Քոչարյանին և նրա կողմնակիցներին զիջել փողոցը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ստեղծված պայմաններում նրանց չի հաջողվելու վերահսկել միաժամանակ և՛ իշխանությունը, և՛ փողոցը: Իսկ եթե համակարգային բարեփոխումների իրականացման հարցում նրա թիմը շարունակի ցուցաբերել նույն անգործությունը, որով աչքի ընկան անցած մեկ տարվա ընթացքում, ապա փողոցի հետ միասին Նիկոլը կկորցնի նաև իշխանությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ռուսական պետական հեռուստատեսությամբ Սոլովյովը Քոչարյանին անվանում է հերոս։ Ինչպե՞ս հասկանանք Մոսկվայի շարունակվող այդ քաղաքականությունը, արդյոք Քոչարյանն օգտագործվելո՞ւ է որպես մտրակ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։

– Իսկ Արևմուտքը ժամանակին չէ՞ր օգտագործում Ելցինին՝ Գորբաչովից առավելագույն զիջումներ կորզելու նպատակով, վերջում էլ՝ այդ զիջումները կորզելուց հետո, չփոխարինե՞ց Գորբաչովին Ելցինով: Ռուսաստանն անցած տարիներին յուրացրել է արևմտյան քաղաքական տեխնոլոգիաներն ու վարժվել դրանց օգտագործման առումով: Այնպես որ զարմանալու փոխարեն պետք է մտածել այն մասին, որ նույնիսկ Խորհրդային Միության նման գերտերությունը փլուզվեց Ելցին-Գորբաչով հնգամյա դիմակայության արդյունքում, իսկ քամիների խաչմերուկում գտնվող ու սահմանափակ ռեսուրսների տեր Հայաստանը նման կարգի հակամարտության պայմաններում կարող է խարխլվել ամիսների ընթացքում:

Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին ի՞նչ գնահատական կտաք։ 2020 թվականին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ի՞նչ զարգացումներ են հնարավոր, արդյոք Քոչարյանը կփորձի՞ ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն ունենալ այդ պրոցեսներում ու էլ ավելի խորացնել Երևանի և Ստեփանակերտի միջև առկա ճգնաժամը։

– Քոչարյանին ձեռնտու չէ խորացնել Երևանի և Ստեփանակերտի միջև ճգնաժամը. նա չունի հայաստանցի փեսա: Սերժ Սարգսյանն էր ձգտում իր հայաստանցի փեսային դարձնել իրավահաջորդ, և դրա համար էլ ուզում էր վարչապետ դառնալ ու, ինչպես ինքն էր հայտարարում, երիտասարդներին փոխանցել իշխանությունը: Այդ երիտասարդները նրա փեսան էր ու վերջինիս կվն-ական շրջապատը:

Հիմա էլ փեսային ճանապարհ բացելու համար անհրաժեշտ է Քոչարյանին բանտում պահել, իսկ փեսա Միշիկին ներկայացնել որպես և՛ Մոսկվայի, և՛ Երևանի, և՛ Ստեփանակերտի համար ընդունելի առաջնորդ: Դրա համար էլ ռուսներին Հայաստանում լրատվական բլոկադայի ենթարկող Միքայել Մինասյանը վերջերս «Նեզավիսիմայա գազետայում» կոկորդիլոսի արցունքներ էր թափում հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման անհրաժեշտության կապակցությամբ… Ինչ վերաբերում է 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, ապա մեծ է հավանականությունը, որ դրանք ժամկետին տեղի չեն ունենա, քանզի մեծ է Ադրբեջանի հարձակման և լայնածավալ պատերազմի վերսկսման հավանականությունը:



Source link

Products You May Like

Articles You May Like

China completes crucial landing test for first Mars mission in 2020
China's huge mysterious extinct ape 'Giganto' was an orangutan cousin
Membrane in a minute: Singapore scientists produce in-vitro human skin
China completes lander test for first Mars mission in 2020
Lavrov’s Sensational Statement: Nikol Pashinyan is Right

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *