Մոսկվային անհանգստացնում է Հայաստանի ներքաղաքական վիճակը. ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցից


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ), որը տեղի կունենա հունիսի 6-8-ը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինից բացի, օտարերկրյա ղեկավարներից ովքեր են մասնակցելու ՊՄՏՀ-ին:

«Ես մասնակցելու եմ Նուր-Սուլթանում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, այնուհետև հունիսին կմասնակցեմ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին»,- ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետի՝ Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցը, նշեց. «Այդ ֆորումին մասնակցում են տասնյակ այլ պետությունների պատվիրակություններ՝ ամենատարբեր մակարդակներով, և Փաշինյանն էլ նրանց թվում է լինելու։ Իհարկե, դա պատվավոր մասնակցություն է, ֆորումն էլ ինքնին շատ կարևոր է, և այն, որ Փաշինյանը հրավեր է ստացել, իհարկե, պատվաբեր է։ Հնարավոր է քննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, հնարավոր է շոշափվի նաև ղարաբաղյան հարցը։ Բայց ընդգծենք՝ դրանք հատուկ բանակցություններ ու քննարկումներ չեն լինելու հայ-ռուսական հարաբերությունների մասին»։

Տարասովը հավելեց՝ կլինեն մտքերի փոխանակումներ. «Հիմա դժվար է ենթադրություններ անել, որովհետև այդ այցելության օրակարգը հայտնի չէ, չգիտենք՝ առանձնազրույցներ լինելու են, թե ոչ, եթե լինելու են՝ հիմնականում որ թեմաներն են շոշափվելու»։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ հայ-ռուսական հարաբերություններում կան շատ անհասկացվածություններ. «Մոսկվային այժմ շատ է անհանգստացնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ է։ Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում քաղաքական կայունություն լինի։ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո մի շարք իրադարձություններ ծավալվեցին՝ ընդհուպ մեղադրանքներ հնչեցին Ղարաբաղի հասցեին՝ դավադրության ու դավաճանության հետ կապված։ Դա մասնատում է Հայաստանը ու դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Նախկինում Ղարաբաղը միավորող գործոն էր, հիմա այդպես չէ, ու կարծես քայլեր են գործադրվում բաժանման ուղղությամբ։ Դա, անշուշտ, մեզ անհանգստացնում է»։

Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանին էլ անհանգստացնում է Մոսկվայի վարքագիծը և, մասնավորապես, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ կապված՝ առ այն, որ վերջինս քրեական հետապնդման է ենթարկվում, իսկ Մոսկվան նրան մեր արդարադատությանը հանձնելու փոխարեն ժամանակավոր ապաստան է տրամադրում, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց. «Հայաստանը սկսել է կոռուպցիայի դեմ պայքար, և մենք ուշադրությամբ հետևում ենք։ Տվյալ դեպքում, Ռուսաստանը տրամադրել է ընդամենը ժամանակավոր ապաստան, այսինքն՝ եթե հայկական կողմը հստակ ապացույցներ կներկայացնի, որոնք կհիմնավորեն մեղադրանքը՝ առանց կասկածի Ռուսաստանը կվերանայի այդ հարցը, երկու պետությունների միջև կա իրավական համաձայնություն։

Դատելով տեղի ունեցողից՝ Հայաստանը հիմնավոր ոչինչ չի ներկայացրել, ինչն էլ Ռուսաստանին հնարավորություն է տվել՝ նման դիրքորոշում լինի։ Ելնելով նրանից, թե ինչ արագ կերպով նրան ապաստան տրվեց, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը համոզիչ ոչինչ չի ներկայացրել»։



Source link

Products You May Like

Articles You May Like

'Possibility of life': scientists map Saturn's exotic moon Titan
High-tech Japan uses AI in song to welcome pope
Situation with Constitutional Court Requires Non-standard Solution: My Step Alliance
Prime Minister’s Ultimatum: The Time to Make a Choice
Online shopping on Black Friday made more attractive with Converse Bank cards

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *