Աբովյանի «ճակատամարտն» ավարտվեց․ հեղափոխության թիմի խայտառակ պարտությունը


Աբովյանի քաղաքապետի ինտրիգային ընտրություններն ավարտվեցին։ ԲՀԿ-ի ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորյալը՝ գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը 409 ձայնով առավելության հասավ կառավարող կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանի նկատմամբ։

Մեծ հաշվով՝ այս ընտրությունները ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակի, այլ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի պարտության մասին են։ Իհարկե, այդ պարտության մեջ էլ կան լուսավոր պահեր։ Դա՝ առաջին հերթին, հենց հեղափոխության ուժն է, այն հանգամանքը, որ Հայաստանում այլևս հնարավոր է դարձել ֆորմալ առումով ընդդիմության թեկնածուի հաղթանակը։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ մեր հասարակությունն ավելի լավ է հասկացել տեղի ունեցած հեղափոխության էֆեկտը, քան այն իրականացրած հարթակը։ Մինչ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են հարմարվել Սերժ Սարգսյանին ժառանգություն մնացած «կոստյումին»՝ իրենց ձեռքերում կենտրոնացնելով ողջ իշխանությունը, հասարակությունը մերժում է «սևի» ու «սպիտակի» բաժանման թեզը ու այդ հենքով մոնոլիտ ու անձնակենտրոն իշխանություն ձևավորելու ձգտումը։ Ու այս պարագայում այնքան էլ էական չէ, թե ով կամ որ ուժի ներկայացուցիչն էր հանդես գալիս կառավարող կուսակցության թեկնածուի դեմ։ Զուր են հիմա «քայլողները» բողոքում Աբովյանի կամ Կոտայքի մարզի բարքերից, որովհետև իրենք են հետևողականորեն ֆորմալիզացրել, լեգիտիմացրել ԲՀԿ-ի քաղաքական գործոնը, ինչը դրսևորվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

Դրական է նաև այն, որ Աբովյանի ընտրություններն օրինական էին, համենայն դեպս՝ լուրջ խախտումների մասին տեղեկություններ չկան, սակայն՝ մյուս կողմից, հեղափոխության հաղթանակից մեկ տարի անց ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում չի ձևավորվել մրցակցային ընտրություններ կազմակերպելու մշակույթ՝ թե կազմակերպչական և թե ինստիտուցիոնալ առումով։

Չկար քաղաքական, ծրագրային մրցկացություն․ հեղափոխության թիմն անշնորհք ընտրարշավ իրականացրեց՝ գրեթե ամբողջությամբ կրկնելով ՀՀԿ-ի ձեռագիրը ու այդ խաղի կանոններով, բնականաբար, պարտվեց ԲՀԿ-ին ու Աբովյանի գործող քաղաքապետին, որոնք, անշուշտ, ավելի լավ են տիրապետում, այսպես կոչված, «մենթալիտետային» քաղաքական ու ընտրական մշակույթին։ Հեղափոխության հաղթանակից անգամ մեկ տարի անց «մենթալիտետային» մշակույթը Հայաստանում «կենսունակ» է ու այդպես է լինելու նաև մեկ, երկու, հինգ տարի հետո, որովհետև հեղափոխության թիմը դարձել է ապաքաղաքակացվածության, հակաքաղաքականության հիմնական խորհրդանիշը։ Անցած տարվա հեղափոխության հարթակն ապաքաղաքական էր, այդպիսին է նաև այսօրվա իշխանությունը, որի առաջին դեմքը սկզբունքորեն մերժում է «իզմերը»՝ ապաքաղաքական միջավայրում չդիմանալով որևէ մրցակցության։ Այդպես եղավ Կապանում, նույն պատմությունը՝ ավելի մեծ հետևանքներով, կրկնվեց Աբովյանում, որտեղ հասարակությունն՝ իր մեծամասնության մեջ, գերադասեց անվստահություն հայտնել ընտրական հակադրության կողմերին՝ մնալով տանը։ Սա ահազանգ էր իշխանությանը՝ վարկանիշային էական գահավիժման մասին ու նաև հաղթող թիմին, որն այդպես էլ ինստիտուցիոնալ առումով չի ադապտացվել հետհեղափոխական իրողություններին։

Իշխանության ավելի քան մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել քաղաքական թիմ ու այսօրվա պարտությունը դրա մասին է։ Այլևս Նիկոլ Փաշինյանի գործոնն անգամ, նրա մասնակցությամբ քայլերը ոչինչ չեն փոխում, հակառակը՝ վարչապետի՝ արագ տեպերով գահավիժող վարկանիշն ու հեղինակությունը խուրդում են տեղական ընտրությունենրում՝ ծածկելու համար քաղաքական թիմի անշնորհքությունը, գլոբալ առումով՝ բացակայությունը։

Անկարելի է պատկերացնել, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում հեղափոխության թիմը մսխել է իր քաղաքական, էլեկտորալ ռեսուրսները ու այլևս չի կարողանում կոնսոլիդացնել հասարակությանը, որը մեծամասամբ մնաց տանը կամ չհավատաց Փաշինյանի թիմին։

Տեղական ընտրությունները քաղաքական են ու դրանց արդյունքներով հեղափոխության թիմը պետք է հետևություններ անի, այդ թվում՝ կադրային։ Հակառակ պարագայում՝ հաջորդ ապտակը ավելի լուրջ է լինելու։ Ու թող որևէ մեկը չբողոքի, թե հաղթեց նախկին համակարգը, որովհետև դրան ամենաշատը նպաստել է Նիկոլ Փաշինյանը՝ հասարակությանը գունավորելու, սորտավորելու իր անհեռանկար քաղաքականությամբ։ Իսկ հիմա իշխանությունը պարտավոր է հաշվի նստել Աբովյանի ընտրության հետ, եթե նույնիսկ այն դառն է Փաշինյանի թիմի համար։



Source link

Products You May Like

Articles You May Like

Prime Minister’s Ultimatum: The Time to Make a Choice
Children will Implement Community Projects Aimed at Promoting Equal Rights
Armenian Foreign Minister Answered Erdogan
High-tech Japan uses AI in song to welcome pope
Pan-Turkism and the Balance of Powers in Our Region

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *