Տավուշում 25-ամյա երիտասարդը իր «BMW»-ն այրելու համար «կասկածելով» երկու հոգու՝ մեկին սպանել, մյուսին դաժան ծեծի է ենթարկել


Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Գրիգոր Մաթևոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 25-ամյա Գրիգոր Մաթևոսյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

2016 թվականի մարտի 18-ին Գրիգոր Մաթևոսյանը տեղեկանալով, որ իր «BMW» մեքենան փորձել են վառել, կասկածել է Բերդ քաղաքի բնակիչներ Գագիկ Ճ.-ին ու Վրեժ Մ.-ին: Կասկածները պարզելու նպատակով հիշյալ երիտասարդներին նա առաջարկել է հանդիպել Տավուշ ջրամբարի մոտ:

Այնուհետև նա Դավիթ Բ.-ի հետ վերջինիս մեքենայով գնացել է տուն, դանակ է վերցրել, ի վերջո՝ հասել է պայմանավորված վայր՝ ջրամբարի մոտ:

Ժամը 22-ն անց 30-ի սահմաններում ջրամբարի հարակից տարածքում վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ Գրիգոր Մաթևոսյանը, ըստ դատական ակտի, իր ձեռքի դանակով հետևի կողմից հարվածել է Վրեժ Մ.-ին՝ Մանասին, վերջինս ստացել է ծանր վնասվածք: Այնուհետև Գրիգոր Մաթևոսյանը, ըստ դատական ակտի, դանակով հարվածներ է հասցրել նաև Գագիկ Ճ.-ի կրծքավանդակի ձախ կողմի առաջնային ու հետին մակերեսներին, ինչի հետևանքով Գագիկ Ճ.-ն տեղում մահացել է:

Գրիգոր Մաթևոսյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը մեքենայով դուրս է եկել՝ բենզին լցնելու: Ճանապահին մեքենան փչացել է: Ընկերոջ՝ Դավիթի հետ գնացել են ծանոթի տուն՝ սուրճ խմելու: Իրեն զանգել ու ասել են, թե իր մեքենան վառվում է:

Անմիջապես իջել են մեքենայի մոտ: Սկզբում մտածել է, թե սխալ միացումից է մեքենան վառվել, բայց հետո մեքենայի մոտ պլաստմասսայից շիշ են գտել՝ բենզինոտ: Մտածել է, որ մեքենան ինչ-որ մեկը միտումնավոր է վառել: Գնացել է մոտակա բենզալցակայան, հետաքրքրվել է, թե ով է շշով բենզին առել:

Նույնիսկ տեսախցիկի նկարահանածն են նայել: Պարզ չի երևացել, բայց ինքը «մոտավորապես կասկածել է», որ Գագոն ու Մանասն են եղել:

Գնացել է ծանոթներից մեկի տուն՝ մտածելով, որ Գագոն ու Մանասն այնտեղ կլինեն: Նրանք, իրոք, այնտեղ էին:

Ինքը հարցրել է Մանասին՝ բենզինն առել են, որ իր մեքենան վառե՞ն: Մանասը չի ժխտել, որ շշով բենզին են առել, բայց ասել է, թե մեքենա վառելու համար չէին բենզին առել: Ինքն ասել է, թե օտար մարդու տանը պետք չի խոսեն, ավելի լավ է գնան՝ լճի մոտ խոսեն:

Ինքը դուրս է եկել այդ տանից, զանգել է Մհերիկին, քանի որ նա Գագոյի մանկության ընկերն էր, Գագոն նրան լսում էր: Մտածել է՝ Գագոն ու Մանասը ալկոհոլ են օգտագործել, իսկ ինքը վերջերս է նշանվել, բացի այդ՝ դատարանի որոշմամբ այլ գործով փորձաշրջանի մեջ էր, չէր ուզում նոր փորձանքի մեջ ընկնել: Մտածել է՝ Մհերիկը կխոսի Գագոյի հետ, ինքը՝ Մանասի հետ: Եթե պարզվեր, որ նրանք էին մեքենան վառել, հարցը պիտի փակեին-պրծնեին, «չոփը գերան չէին սարքելու»:

Ինքը լճի մոտ է կանչել միայն Մհերիկին ու Տիգրանին: Վերջինիս կանչել է, որովհետև նա «Վիլիս» ունի, իր մեքենան նրա մեքենայի օգնությամբ պիտի տեղափոխեր իրենց բակ:

Ինքը սկզբում ցանկացել է Գագոյի հետ խոսել, բայց Մհերիկն է նրա հետ խոսել, հարցրել է՝ դո՞ւք եք Գոքորի մեքենան վառել: Մանասն ասել է, թե բենզինն առել են անտառից փայտ բերելու-կտրելու, ոչ թե մեքենա վառելու համար: Կռիվ է սկսվել, ինքը գոռոց է լսել, թե Գագոն չի շնչում: Հետո լսել է Մանասի ձայնը՝ ի՞նձ խի խփին: Վազել ու ջուր է բերել: Մանասն իր հորեղբոր տղան է: Ինքը մոտիկ էր և՛ Մանասի, և՛ Գագոյի հետ: Վերջինիս հետ 2009 թվին գաղութում նույն խցում է եղել: Լճի մոտ շատ մարդ կար հավաքված: Չի հասկացվել՝ ով է խփել: Ասում էին՝ ո՞վ խփեց, ո՞վ խփեց:

Հետո ինքը գնացել է իր մեքենայի մոտ, այնտեղ են եկել ոստիկաններն ու իրեն տարել են բաժին:

Ինքը հարցրել է՝ ինչո՞ւ են իրեն կանչել: Ասել են՝ ինչի՞ ես սպանել տղաներին: Ինքը զարմացել է: Իրեն վախեցրել, ծեծել են: Եթե ինքը նպատակ ունենար այդ տղաներին վնասելու՝ միամիտ չի, կարող էր «հերթով-հերթով բոլորի հարցերը լուծել, վկաներ էլ չէր հավաքի…»:

Գրիգոր Մաթևոսյանը պնդել է, որ ինքը դանակով ոչ մեկին չի հարվածել, դեպքի պահին իր մոտ դանակ չի եղել: Ոստիկանությունում իրեն ծեծել են, որ «վիզ առնի» կամ մարդկանց անուններ տա՝ ասի, թե ով է խփել: Իրեն ինչ հայհոյանք տվել են, նույնը պատասխանել է: Վկաները վախենում են, որ կդատվեն, իրեն «շառով են տալիս», ինքը հանցագործություն չի կատարել, չգիտի, թե ով է կատարել:

Դատարանը եկել է եզրակացության, որ ամբաստանյալի ցուցմունքն արժանահավատ չէ:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Գագիկի մայրը, նշել է, թե դեպքից երեք-չորս օր հետո եղբոր հետ գնացել է հիվանդանոց՝ Վրեժին՝ Մանասին, տեսնելու:

Նրա գիտակցությունը տեղն էր, նա իր ու եղբոր ներկայությամբ ասել է, թե իրեն ու Գագոյին Գրիգորն է դանակահարել: Հետո է Վրեժը ցուցմունքները փոխել:

Տուժողի իրավահաջորդը նշել է նաև, թե դեպքից մեկ ամիս առաջ լճի մոտ Մհերը, Գրիգորն ու իր տղան հանդիպել են՝ փողի վերաբերյալ պարզաբանում անելու: Ըստ տուժողի իրավահաջորդի՝ «Գրիգոր Մաթևոսյանը շատ հմուտ դանակահարող է, այդքան մարդուն էլ հավաքել էր, որ կարողանա ջրից չոր դուրս գալ»:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է , որ բոլոր մեղավորները՝ ովքեր մատով անգամ դիպել են իր որդուն, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, իսկ Գրիգոր Մաթևոսյանը դատապարտվի ցմահ ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է քաղհայցի պահանջ՝ 2 միլիոն 300 հազար դրամի չափով:

Գործով տուժող Վրեժ Մաթևոսյանը՝ Մանասը, նախաքննության սկզբում ասել է, թե Գրիգոր Մաթևոսյանն է իրեն ու Գագիկին դանակահարել, այնուհետև փոխել է ցուցմունքները, պնդել է, որ Գրիգորի մեքենան վառելու հետ ոչ մի կապ չեն ունեցել: Իր մեջ մինչև հիմա տպավորված են դեպքի վայրում լսած բառերը. «Մեռավ, արա, ջուր բերեք, Գագո, Գագո…»: Երբ ինքը հետևից ծակոց է զգացել, ընկել և ուշագնաց է եղել, ոչինչ չի հիշում…
Դատարանն արժանահավատ է համարել տուժողի նախաքննական ցուցմունքները, որտեղ նա նշել էր, թե հարված ստանալուց հետո շրջվել ու տեսել է Գրիգորին՝ դանակը ձեռքին… Տեսել է նաև, որ Գրիգորը դանակը ձեռքին վազել է դեպի Գագիկն ու դանակով հարվածել է նրան, Գագիկն ընկել է: Այդ պահին ինքն էլ է ընկել՝ լսելով՝ արա, մեռան…

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է համարել Գրիգոր Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը:

Դատարանը հաշվի է առել, որ դեպքից առաջ՝ 2015 թվականի հունիսի 19-ի դատավճռով Գրիգոր Մաթևոսյանը մեկ այլ գործով մեղավոր էր ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել էր 2 տարի փորձաշրջան:

Մեղսագրված արարքների՝ սպանության ու ծանր մարմնական վնասվածք հասցնելու պահին Գրիգոր Մաթևոսյանը եղել է փորձաշրջանի մեջ: Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Գրիգոր Մաթևոսյանի կողմից:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Գրիգոր Մաթևոսյանի մոտ որոշակի խանգարումներ ի հայտ են բերվել, բայց նա ճանաչվել է մեղսունակ, դեպքի պահին նա չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Գրիգոր Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով և դատապարտվել է 17 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ՝ չկրած պատժի 1 տարին, վերջնական պատիժ է սահմանվել 18 տարի ազատազրկումը:
Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մարտի 20-ից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության, նրան իրավունք է վերապահվել քաղհայցի պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատավարության կողմերը՝ ամբաստանյալի շահերի պաշտպանը, մեղադրող դատախազը, տուժողի իրավահաջորդը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել է բեկանել դատավճիռը, Գրիգոր Մաթևոսյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ կամ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Մեղադրող դատախազն ու տուժողի իրավահաջորդը պահանջել են պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ պատիժը խստացնելու առումով: Տուժողի իրավահաջորդը պահանջել է սահմանել 25 տարի ազատազրկում:

Տուժող Վրեժ (Մանաս) Մ.-ն հայտնել է, թե կողմ է ամբաստանյալի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքին: Նա պնդել է, թե Գրիգոր Մաթևոսյանն իրեն ու Գագիկ Ճ.-ին չի դանակահարել:

Դատական այս նիստին ևս տուժողի իրավահաջորդը չէր ներկայացել, ներկա էր տուժող Վրեժ Մ.-ն:

Նախորդ նիստում, երբ դատարանը մերժեց պաշտպան Լ. Սիմոնյանի միջնորդությունը՝ առաջին ատյանի դատարանում չհարցաքննված երկու վկաների վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ, պաշտպանը հայտարարեց, թե ցանկանում է դատարանին ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն:

Դատարանը՝ Մ. Արղամանյան, Ա. Մնացականյան, Կ. Մարդանյան կազմով, պաշտպանին ժամանակ տրամադրեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը գրավոր ներկայացվի:

Դատական այս նիստում պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, ցույց տալով ինքնաբացարկի գրավոր միջնորդությունը, հայտարարեց. «Ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստ է, ահա, բերել եմ, բայց պաշտպանյալս չուզեց, որ ներկայացնեմ այն պատճառաբանությամբ, թե ինքը վստահում է դատարանին, հետևաբար միջնորդությունը չեմ ներկայացնի»:

Պաշտպան Լ. Սիմոնյանն այլ միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ ըստ քրեական գործի նյութերի՝ դեպքը կատարվել է ժամը 22-ն անց 30-ին:

Տուժողների դանակահարումից հետո դեպքի վայրից նրանց նստեցրել են ներկաներից մեկի մեքենան, որ շտապ հասցնեն հիվանդանոց: Սակայն մեքենայի վարորդը տուժողներին հասցնելով հիվանդանոցի մոտ, անօգնական վիճակում թողել է հիվանդանոցի մոտակայքում, ներս չի տարել, և ինքն անմիջապես հեռացել է: Անգիտակից վիճակում գտնվող տուժողներին մոտ մեկ ժամ անց նկատել է մի պատահական անցորդ ու միջոցներ է ձեռնարկել նրանց հիվանդանոց տեղափոխելու համար: Տուժողները հիվանդանոց են ընդունվել ժամը 23-ն անց 45-ին, ժամը 23-ն անց 55-ին հիվանդանոցից ահազանգել են ոստիկանություն, որ իրենց մոտ կտրած-ծակած վերքով տեղափոխված երիտասարդի՝ Գագիկ Ճ.-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Պաշտպան Լ. Սիմոնյանը նշեց՝ դատաբժիշկ փորձագետին հարց չի տրվել՝ եթե տուժող Գագիկ Ճ.-ն հիվանդանոց հասցվեր վնասվածքը ստանալուց անմիջապես հետո, ոչ թե մեկ ժամ ուշացումով, հնարավոր կլինե՞ր փրկել նրա կյանքը:

Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժող Գագիկ Ճ.-ի մահը վրա է հասել փորձաքննության անցկացումից 15-16 ժամ առաջ:

Պաշտպանը հաշվել է փորձաքննության անցկացման ժամանակից «15-16 ժամ առաջ»-ը և ստացվել է, որ Գագիկ Ճ.-ն մահացել է դեպքի օրը՝ ժամը 21-22-ի սահմաններում, սակայն ըստ գործի տվյալների՝ դեպքը կատարվել է 22-ն անց 30-ի սահմաններում, Գագիկը դեպքից առաջ չէր կարող մահանալ… Բացի այդ, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշվել է, թե տուժողի մահը վրա է հասել վնասվածքը ստանալուց «կարճ ժամանակ անց», սակայն, ըստ պաշտպանի՝ այդ «կարճ ժամանակը» շատ հարաբերական հասկացություն է՝ ինչքա՞ն է ապրել տուժողը՝ վայրկյաննե՞ր, րոպենե՞ր…
Պաշտպանը եզրահանգեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ոչ բոլոր հարցերին է տալիս հստակ պատասխան, իսկ որոշ դեպքերում տալիս է գործով հաստատված հանգամանքներին չհամապատասխանող պատասխան, այսպիսով՝ կասկածներ է առաջացնում, վիճելի ու թերի է:

Պաշտպան Լ. Սիմոնյանը միջնորդեց անցնել վերաքննության կարգի ու նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:

Դատարանի հարցին պաշտպանը պատասխանեց, որ առաջին ատյանում նման միջնորդություն չի ներկայացվել, ինքը առաջին ատյանում ամբաստանյալի շահերի պաշտպանը չի եղել:

Ամբաստանյալը միացավ պաշտպանի միջնորդությանը:

Մեղադրող Չիլինգարյանն առարկեց միջնորդության դեմ, նշեց՝ եթե պարզաբանելու հարցեր կան, կարող են փորձագետին հրավիրել ու հարցեր տալ, բայց կրկնակի փորձաքննություն անցկացնելու հիմքեր չկան: Մեղադրողը նշեց նաև, որ փորձագետներն առաջին ատյանի դատարանում չեն հարցաքննվել, փորձաքննությունների եզրակացությունները կասկածի տակ չեն դրվել:

Տուժող Վրեժը միացավ ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, քիչ անց հրապարակեց որոշումը՝ պաշտպանի միջնորդությունը՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, մերժվեց: Դատարանը արձանագրեց՝ դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է բոլոր կանոնների պահպանմամբ, տրվել են առաջադրված բոլոր հարցերի պատասխանները, առաջին ատյանի դատարանում այդ փորձաքննության եզրակացությունը չի վիճարկվել:

Պաշտպան Լ. Սիմոնյանը ներկայացրեց ևս մեկ միջնորդություն: Նա նշեց, որ ըստ որոշ վկաների ցուցմունքների՝ դեպքի պահին դեպքի վայրում է գտնվել ոմն Արման, նույնիսկ նշվել է նրա արհեստը: Բայց այդ Արմանին հայտնաբերելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը քայլեր չի ձեռնարկել, նրան չեն հայտնաբերել ու չեն հարցաքննել:

Ամբաստանյալի հարազատները պարզել են, թե որ Արմանի մասին է եղել խոսքը: Եթե այդ Արմանը դեպքին ականատես է եղել, կարող է գործի քննության համար հետաքրքիր տեղեկություններ հայտնել:

Պաշտպանը միջնորդեց անցնել վերաքննության, դատարան հրավիրել հիշյալ Արմանին ու հարցաքննել դեպքի հանգամանքների վերաբերյալ:
Պաշտպանն ընդունեց, որ այս միջնորդությունը ևս առաջին ատյանի դատարանում չի ներկայացվել:

Ամբաստանյալը միացավ իր պաշտպանին: Միաժամանակ նա ասաց, թե հիշյալ Արմանին ինքը չի ճանաչում, նրան դեպքի պահին դեպքի վայրում չի տեսել: Ամբաստանյալն ասաց նաև, թե ուզում է «վերջում խոսել»: Նա պնդեց այդ ցանկությունը. «Ես եմ էնտեղ էղել, ո՛չ պաշտպանը, ո՛չ դատախազը էնտեղ չեն էղել, ես խոսալու բան ունեմ»:

Ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությանը միացավ նաև տուժող Վրեժը՝ հիշյալ Արմանի մասին նշելով. «Թող գա: Ես իրան ճանաչում եմ ու վսյո, էդքան բան, դեպքի վայրում ես իրան չեմ տեսել, շատ մարդ կար, մութ էր»:

Մեղադրողը այս միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց, թողեց դատարանի հայեցողությանը:

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ նշելով, որ այն առաջին ատյանի դատարանում չի ներկայացվել, կոնկրետ գործի հանգամանքների վերաբերյալ առկա են պատշաճ ապացույցներ, դատարանը կարող է դրանք գնահատել:

Պաշտպան Լ. Սիմոնյանը ևս մի միջնորդություն ներկայացրեց՝ անցնել վերաքննության, դատարան հրավիրել ու հարցաքննել Հրայր Մ.-ին: Պաշտպանը նշեց, որ Հրայր Մ.-ն նախաքննության ընթացքում հարցաքննվել, բայց չի դատակոչվել: Պաշտպանական կողմը միջնորդել է Հրայր Մ.-ին հարցաքննել դատարանում, բայց այդ միջնորդությունն արել է դատաքննության ավարտին: Առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ Հրայր Մ.-ն ներկա է եղել դատական նիստերին:

Հրայր Մ.-ն ամբաստանյալի հայրն է, պարզվեց, որ նա ներկա է վերաքննիչի տվյալ նիստին, ներկա է եղել նաև նախորդ նիստերին:

Պաշտպանը նշեց, որ դատավճռում ամբաստանյալի հոր անունը «հոլովված է»՝ մասնավորապես՝ նա գործի քննության ընթացքում հանդիպել է վկաներին ու տուժող Վրեժին:

Ամբաստանյալը միացավ պաշտպանի միջնորդությունը, բայց դժգոհեց՝ մեկ ա՝ մերժելու եք:

Տուժող Վրեժը նույնպես միացավ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությանը. «Թող քննվի, կարող ա բան ունի ասելու, ես ամեն ինչի պատրաստ եմ՝ մենակ թե իրականությունը իմանանք…»:

Դատարանը պաշտպանի այս միջնորդությունը բավարարեց, անցավ վերաքննության ու հարցաքննեց դատարանի դահլիճում գտնող Հրայր Մ.-ին՝ ամբաստանյալի հորը:

Վերջինս հայտնեց, որ դեպքի պահին ինքը գտնվել է Ռուսաստանում, իրեն զանգել ու ասել են, թե ոստիկանությունում իր տղային ծեծում, «գլխին սարքում են»: Ինքն անմիջապես եկել է Հայաստան:

Հրայր Մ.-ն ասաց. «Իմ էրեխեն անմեղ ա»: Նա ասաց, որ տուժող Վրեժ-Մանասը իրենց ոչ հեռու, ոչ էլ մոտիկ, այլ «միջին» բարեկամ է:
Հրայր Մ.-ն ընդունեց, որ ինքը գործի նախաքննության ընթացքում իմացել է՝ ինչ ցուցմունքներ են տալիս վկաները, ու հանդիպել է նրանց հետ՝ իր համար պարզելու՝ ինչու են ոմանք իր տղայի դեմ ցուցմունք տվել: Իմանալով, որ ինքը շտապ եկել է Հայաստան, «հապշտապ» դատական նիստ են արել ու իր տղային կալանավորելու որոշում են կայացրել:

Ամբաստանյալի հայրն ասաց՝ այո, իր տղան նախկին դատվածություններ ունի, բայց դա կարևոր չի, բացի այդ՝ «Երկու անգամ էլ նույն ձևի գլխին սարքել են»:

Հրայր Մ.-ն ասաց, թե իր տղան եթե ուզենար՝ երկու տուժողին էլ ձեռքով «գլուշիտ կաներ», նա կարիք չուներ նրանց դանակով հարվածելու, բացի այդ՝ նա ընդունակ չէր կատարելու այն արարքները, որոնք մեղսագրվել են նրան: Ինքը վկաների հետ հանդիպել է, որ պարզի՝ «ո՞վ ա պաստավկա արել» իր տղային, ո՞վ է ստիպել, որ վկաներից ոմանք իր տղայի դեմ ցուցմունք տան:

Հրայր Մ.-ն ասաց, թե պատրաստ է եղել ինչպես տուժող Վրեժ-Մանասի, այնպես էլ վկաների համար փաստաբան «բռնել», որ նրանք «շանտաժներով» իր որդու դեմ ցուցմունքներ չտային. «Եթե նրանք փաստաբան ունենային, ստիպողաբար ցուցմունք չէին տա»:

Հրայր Մ.-ն ընդունեց, որ անընդհատ հետաքրքրվել է տուժող Վրեժի բուժման հարցերով, քանի որ վախեցել է, թե նա էլ կմահանա ու իր տղայի վրա «կմնա»՝ տղայի մեղադրանքը ավելի կխստացվի, կառաջադրվի մեղադրանք, որի համար նախատեսված է ցմահ ազատազրկում: Տուժող Վրեժի հարազատներից իմացել է, որ Վրեժը չի կարողանում փակել հիվանդանոցային ծախսերը, նրան դեռ չբուժված՝ դուրս են գրել, նա էլ գնացել, պառկել է զոքանչի տանը: Ինքը այնտեղ այցելել է տուժողին: Հրայր Մ.-ն տուժողի մասին խոսելիս շրջվում, մատնացույց էր անում դահլիճում նստած Վրեժին ու ասում էր՝ «սա»: Դատարանը դիտողություն արեց, որ վկան հարգալից արտահայտվի տուժողի վերաբերյալ:

Հրայր Մ.-ն շարունակելով իր խոսքը՝ ասաց, որ գնալով տուժողի զոքանչի տուն, տեսել է, որ տուժողը փորի վրա պառկած է՝ նա ծանր վնասվածք էր ստացել հետույքի շրջանում, նրա վիճակը արտաքուստ էլ շատ վատ էր՝ գույնը կապտավուն էր, տեսքը՝ շատ հիվանդագին: Հրայր Մ.-ն ասաց, թե իր մոտի 250 հազար դրամը դրել է սեղանին ու ասել է. «Գնա հիվանդանոցում բուժվի, դու ինձ ողջ-առողջ ես պետք»:

Հրայր Մ.-ն պնդեց, որ ինքը այդ գումարը տուժողին որպես կաշառք չի տվել, չի պահանջել, որ նա իր ուզած ցուցմունքները տա, ասել է՝ գնա բուժվի: Տանը այդ պահին շատ մարդ կար, եթե ինքը ճնշեր տուժողին, բոլորը կլսեին: Այդ գումարը վերցնելուց մի քանի օր հետո առերես հարցաքննության ժամանակ տուժող Վրեժը դարձյալ Գրիգորի դեմ ցուցմունք է տվել, որովհետև, ըստ Հրայր Մ.-ի՝ Վրեժի վրա «դավիտ են արել», որ նա արդեն տված ցուցմունքը չփոխի: Եվ իրականությունը տուժողը հայտնել է դատարանում…

Հրայր Մ.-ն պնդեց՝ ինքը տուժողին փող է տվել ոչ թե ցուցմունքը փոխելու, այլ բուժվելու համար, իրեն չէր հետաքրքրում՝ նա ու մյուսները ինչ ցուցմունք կտային…

Դատարանը Հրայր Մ.-ին հարցրեց՝ եթե դուք համոզված էիք, որ ձեր տղան անմեղ է, ինչո՞ւ էիք գումար տալիս տուժողին, որ բուժվի, չէ՞ որ նա, ձեր համոզմամբ, Գրիգորի հարվածից չէր ծանր վնասվածք ստացել: Վկան ասաց, թե ուզում էր միայն, որ տուժողը «սաղ մնա»:

Դատարանը հարցրեց՝ փաստորեն դուք մարդասիրական վերաբերմունք էիք դրսևորել, գումար էիք տվել, որ բուժվի, այդ դեպքում ինչո՞ւ տուժողը գումարը վերցնելուց հետո էլ առերես հարցաքննության ժամանակ ձեր տղայի դեմ ցուցմունք տվեց:

Ըստ Հրայր Մ.-ի՝ տուժողին ճնշել էին ոստիկանները, նա վախեցել էր ոստիկաններից, որոնք նրա կնոջն ասել էին՝ մի մոռացեք, որ փոքր երեխա ունեք…
Հրայր Մ.-ի կարծիքով՝ մենակ ոստիկաններից «հեռու մնալու համար» են գործով տուժողն ու վկաների մի մասը իր տղայի դեմ ցուցմունք տվել…
Դատարանը պարբերաբար զսպում էր ամբաստանյալի հորը, որ ոստիկանության ու առաջին ատյանի դատարանի հասցեին կոշտ արտահայտություններ չանի:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց:

Պաշտպանն ասաց, թե ուրիշ միջնորդություն չունի:

Քանի որ դատարանն անցել է վերաքննության կարգի, պետք է կողմերը ճառերով հանդես գան: Դա արդեն կարվի հաջորդ նիստին՝ հուլիսի 10-ին, և ամբաստանյալը որպես պաշտպանական ճառ՝ կասի իր խոսքը, որի մասին հայտարարեց այս նիստում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Disney goes high-tech to draw fans to a new 'Lion King'
Օրական 300 կալորիայից հրաժարվելն օգտակար է ցանկացած մարդու համար. գիտնականներ (լուսանկարներ)
Գիտնականները բացահայտել են հանկարծակի մահվան գաղտնիքը
Hrair Tovmasyan Escalated the Situation: Prime Minister’s Decision
Երևանում հայտնաբերվել է հայտնի ընկերություններից մեկի 30-ամյա փոխտնօրենի կախված դին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *