Արթուր Վանեցյանի ծրագիրը իրականություն կդառնա, եթե…


Արթուր Վանեցյանը ՀՖՖ հերթական համաժողովում ներկայացրեց մեր ֆուտբոլի զարգացման ծրագիրը՝ հավաստիացնելով, որ առաջիկայում ամենամասսայական մարզաձևը Հայաստանում լուրջ առաջընթաց է գրանցելու: «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնել եմ 2018 թվականի սեպտեմբերի 22-ից, և այդ օրվանից ֆեդերացիայում սկսել է լայնածավալ աշխատանքը, որն արդեն իսկ շոշափելի արդյունքի է բերել: Հայտարարել էի, որ ՀՖՖ-ն մեծ ուշադրություն է դարձնելու մարզերին, և որպես ամենալուրջ ծրագիր՝ սկսել ենք արհեստական խոտածածկով մարզադաշտերի կառուցումը: Սա մասսայական ֆուտբոլը խթանելու հիանալի միջոց է: Հաջորդ ամիս ֆեդերացիան պատրաստվում է գործարկել մարզադաշտերից 26-ը` Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում: Հաջորդ 4 ամիսների ընթացքում նախատեսվում է ևս 26 մարզադաշտերի կառուցում: Այս նախագծի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար: Զուգահեռաբար ՀՖՖ-ն սկսելու է աշխատանք հավելյալ 26 մարզադաշտերի ուղղությամբ, որի վրա կծախսվի ևս 750 հազար դոլար: Նշեմ, որ ակումբներից շատերը չեն շտապում ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում: Սա լրջագույն խնդիր է, և մենք այժմ փոխում ենք ենթակառուցվածքները տրամադրելու քաղաքականությունը: Ոչ թե կառուցում և նվիրաբերում ենք ակումբին, այլ համատեղ ներդրումային ծրագիր ենք իրականացնում ցանկացողների հետ»,- նշեց ՀՖՖ նախագահը:

Ֆուտբոլի զարգացման ծրագրեր քանիցս ներկայացվել են նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարության կողմից: Շարունակ խոսվել է հնչեղ և ոգևորող քայլերի մասին, որոնք, սակայն, արդյունք չեն տվել: Այսօր մեր ֆուտբոլը գտնվում է ոչ թե վատ, այլ կիսավեր վիճակում: Վանեցյանի ներկայացրած ծրագիրը կարելի է որակել պրագմատիկ, սակայն իսկապես լուրջ արդյունքներ գրանցելու համար կան կարևոր բաղադրիչներ, առանց որոնց առաջ շարժվել ուղղակի հնարավոր չէ: Կարևոր բաղադրիչներից մեկը ֆուտբոլի զարգացման մոդելն է, որը ձևավորելու համար տարիներ են հարկավոր:

Հայկական ֆուտբոլում առկա տխուր պատկերի հիմնական պատճառը երբևէ զարգացման մոդել չունենալն է: Ավելի ստույգ՝ ՀՖՖ նախկին ղեկավարությունը տարիների ընթացքում այդպես էլ չկողմնորոշվեց, թե ինչպիսի կմախքի վրա պետք է կառուցել զարգացման ծրագիրը: Տարիների ընթացքում Հայաստանի հավաքականները ունեցել են արգենտինացի, բրիտանացի, ռումինացի, դանիացի, ֆրանսիացի, հոլանդացի, շվեյցարացի մարզիչներ: Այս մասնագետներից յուրաքանչյուրը փորձել է զարգացման իր մոդելն ու տեսլականը ներդնել հայկական ֆուտբոլում: Արտասահմանցի մասնագետներից յուրաքանչյուրը, սակայն, մեր երկրում աշխատել է մեկ-երկու տարի կամ ավելի քիչ: Տարատեսակ ֆուտբոլային ձեռագրերի փոփոխությունը մեր ֆուտբոլում ուղղակի բռնաբարել է այն ռեսուրսն ու պոտենցիալը, որը գոյություն ուներ:

Վանեցյանի որդեգրած քաղաքականությունը ունի դրական և հուսադրող թերևս մեկ էլեմենտ: Ի տարբերություն նախկին համակարգի՝ Վանեցյանը ընտրել է կմախքը, որի վրա փորձ է արվում ձևավորել մոդել կոչվածը: Խոսքը վերաբերում է իսպանական և մասնավորապես Խինես Մելենդեսի ֆուտբոլի զարգացման մեխանիզմին: Ասել, որ իսպանական մոդելը միանգամայն ճիշտ է ընտրված, բնականաբար ճիշտ չի լինի: Դրա մասին կարելի կլինի խոսել միայն մի քանի տարի հետո: Բայց այն, որ կա որոշում, և կա նպատակ՝ արդեն իսկ ողջունելի է:

Անդրադառնալով Խինես Մելենդեսին, որը զբաղեցնում է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը, Վանեցյանը փաստեց, որ հունվարից մինչ օրս, ինչ իսպանացի մասնագետն աշխատում է Հայաստանում, տեսանելի են նրա աշխատանքի դրական արդյունքները: «Մի քանի անգամ անձամբ եմ հանդիպել նրա հետ և քննարկել հայկական ֆուտբոլի ապագան, և հիմա վստահություն ունեմ, որ մեր ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու: Խինես Մելենդեսի օգնությամբ մենք լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք անում ֆուտբոլում»,- ասաց նա:

Մնում է հուսալ, որ առաջիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի շեղվի այս ճանապարհից: Ֆուտբոլային մոդելի ձևավորման միտումները նկատելի են նաև Հայաստանի ազգային հավաքականում: Խինես Մելենդսը բնականաբար աշխատանքներ է կատարում նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի հետ: Մեր հավաքականի մարզիչները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման կուրսերի և շփվում մասնավորապես իսպանացի հանրահայտ մասնագետների հետ: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումներում մերոնք գրանցեցին շոշափելի արդյունք:

Արթուր Վանեցյանը մեծ ոգևորությամբ առանձնացրեց Հայաստանի ընտրանու վերջին երկու հաղթանակները Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների նկատմամբ և մասնավորապես ասաց. «Հույս ունենք, որ գրանցած հաջողությունը զարգացում կապրի, և մենք` ՀՖՖ-ն և անձամբ ես, միշտ լինելու ենք ֆուտբոլիստների և մարզիչների կողքին»:



Source link

Products You May Like

Articles You May Like

Azerbaijan’s Implicit Aggression: What Has Khachaturov Prevented?
Second Mobile Operator Will Appear in Artsakh in 2020
Lavrov’s Unexpected Expectations
Robert Kocharyan Complained to Moscow: Situation Is Grave
One new postage stamp dedicated to the 100th anniversary of the first postage stamp of Armenia

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *