Նահատակ ու անձնազոհ նախագահը


Հետհեղափոխական Հայաստանը հարուստ է քաղաքական տեխնոլոգիաների, մանիպուլյացիոն մեխանիզմների ու միֆերի կիրառություններով։ Իհարկե վերոհիշյալ տարրերը քաղաքական համակարգի պարտադիր ու անբաժան բաղադրիչներն են, բայց խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո դրանց կիրառություններն էլ ավելի մեծ տարածքներ են զբաղեցրել՝ երբեմն շրջանցելով թույլատրելիության սահմանագիծը։ Այլ խոսքով՝ Հայաստանի քաղաքական միջավայրը փոխակերպվել է դատարկ տարածության, որն անընդհատ լցվում է քաղաքական տեխնոլոգիաների շահարկումներով, մանիպուլյացիոն մեխանիզմներով և անհաղթահարելի միֆերով։

Բնականաբար սա չափազանց մեծ ու բարդ թեմա է։ Այդ իսկ պատճառով փորձենք խուսափել հիմնախնդրի ամբողջական պատկերի նկարագրությունից ու կենտրոնանանք դրա առանձին դրսևորումների վրա։

Եթե փորձենք առանձնացնել քաղաքական տեխնոլոգիաների, մանիպուլյացիոն մեխանիզմների և միֆերի վերջին շրջանի ամենանշանակալի կիրառությունը, ապա վստահաբար կանգ կառնենք Սերժ Սարգսյանի հավանական ձերբակալության խնդրի վրա։ Ամենայն հավանականությամբ Սարգսյանի կողմնակիցներն ու կուսակիցները ի սկզբանե իմացել են նրա հավանական ձերբակալման մասին և որոշել են պատրաստվել ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Իսկ ի՞նչ պատրաստության և կանխարգելիչ միջոցների մասին է խոսքը։ Միքայել Մինասյանի հարցազրույցից, Արմեն Աշտոտյանի, Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի գրառումներից հետո, կարծես թե, ամեն ինչ պարզ է դառնում։ Նրանք փորձում են մերժված նախագահի կերպարից նահատակ նախագահի կերպար կերտել՝ ամրագրելով դա հանրային գիտակցության մեջ։

Նահատակությունը մարդկության պատմության ամենաազդեցիկ քաղաքական գործիքներից մեկն է։ Անհիշելի ժամանակներից ի վեր գրեթե բոլոր քաղաքական ու կրոնական շարժումների հաղթական ընթացքները պայմանավորվել են հենց այս գործիքի հմուտ կիրառությամբ՝ քրիստոնեից շարժումից մինչև Գանդի և այսպես շարունակ։

Ի դեպ նահատակ եզրույթն ամենևին պետք չի դիտարկել ֆիզիկական ոչնչացման համատեքստում։ Խոսքը գիտակցական անձնազոհության մասին է, որը կարող է և ավելին լինել, քան մարմնական մահը։ Այսինքն հանրապետականները Սարգսյանին ներկայացնում են որպես անձնազոհ անհատի, որը հանուն հայ ժողովրդի փրկության պատրաստ է զոհաբերել ինքն իրեն ու զրկանքներ կրել բանտում։ Մտքի կենտրոնական բաղադրիչը «հանուն հայ ժողովրդի» ձևակերպումն է, քանի որ հանրույթի հավաքական գիտակցության մեջ հանուն ընդհանուրի զոհաբերությունը դիտարկվում է որպես առաքինության բարձրագույն դրսևորում։ Խոստովանենք, որ գեղեցիկ է հնչում, վստահաբար ներհայկական իրականությունից անտեղյակ յուրաքանչյուր մեկը կարող է տպավորվել և ազդվել հերոսական այս վարքագծով։ Չէ՞ որ հանուն գաղափարի նահատակն ինչ-որ իմաստով ավելին է, քան մարդը, նա վերբնական էակ է, որը խորհրդանիշի կարգավիճակով ապահովում է հանրույթի գիտակցական ցատկը։

Ահա սա է հանրապետականների վերջին օրերի բովանդակային առաջնային թիրախը։ Փաստորեն զուտ իրավական գործընթացը քողարկվում է նահատակության ու անձնազոհության քաղաքական գործիքների ներգործությամբ՝ փորձելով մոլորեցնել ու հիմարեցնել քաղաքացիներին։

Ի դեպ դժվար է ասել, թե մոտեցումն այս հատկապես ո՞ւմ է ավելի շատ ձեռք տալիս, հանրապետականների՞ն, թե հենց Սերժ Սարգսյանին։ Իմ համոզմամբ երրորդ նախագահի ձերբակալությունն առաջին հերթին բխում է հենց հանրապետականների շահերից։ Անշուշտ Սարգսյանի շահը չնչին է, իսկ կուսակցականները նահատակի ու քաղհալածյալի նրա կերպարը օգտագործելու են սեփական կարճաժամկետ հետաքրքրությունները սպասարկելու համար և պատեհությունից ելնելով ամեն պահ կարող են մոռանալ ձերբակալված նախագահի ճակատագրի մասին, որը համաձայնվել է զրկնանքեր կրել հանուն Հայաստանի մոլորյալ քաղաքացիների և նրանց սթափեցման։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի



Source link

Products You May Like

Articles You May Like

Ամուլսարի հարցում բոլորը սպասում են դրան
Կորած շունը տարիներ շարունակ սպասել է տիրոջը ճամփեզրին՝ մինչև որ գտել է նրան
My Step Alliance Launches Process of Terminating Powers of Chair of Constitutional Court
Պուգաչովայի ամուսինը «պայթեցրել» է Instagram-ը «մերկ» լուսանկարով (լուսանկարներ)
Mihran Poghosyan’s Role: Russian Ambassador Opens Brackets

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *